Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է»

«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է»
28.06.2013 | 11:15

«Երանի ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք` սուտ ասեն: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է…» (Մատթ. 5:11-12):

Երանիներից վերջինը, մյուսների պսակը լինելով, կարելի է ասել, ամենամարդկային և հավատի մեջ զորացած քրիստոնյային կյանք տվողն ու ներշնչողն է:
Հիսուս Իր աշակերտներին պատվիրում է չվախենալ ու համարձակորեն խոստովանել իրենց հավատը մարդկանց առջև: Թելադրում է նրանց չընկճվել սպառնալիքից, չարչարանքից ու նույնիսկ մահից: Քաջալերում է, որ չամաչեն իրենց հավատից, այլ բարձր ձայնով հայտարարեն դրա մասին: «…Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծու հրեշտակների առաջ» (Ղուկ. 12:8):
Եթե մեր սերը Քրիստոսի հանդեպ կատարյալ է, ո՛չ չարչարանքները և ո՛չ էլ մահը մեզ չեն կարող վախեցնել: Այս իմաստով Պողոս առաքյալն ասում է. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թե՞ անձկությունը, թե՞ հալածանքը, թե՞ սովը, թե՞ մերկությունը, թե՞ վտանգները, թե՞ սուրը» (Հռոմ. 8:35): Ավելին, պատահում է ճիշտ հակառակը: Բոլոր դառնություններն ավելի են խորացնում աստվածային սերը: Սա հաստատեցին առաջին դարի և քրիստոնեական բոլոր դարաշրջանների նահատակները: Աշխարհը նրանց արյամբ ոռոգվեց` պատճառ հանդիսանալով քրիստոնեության տարածմանը:
Ահա ձեզ մի օրինակ արդարության ու ճշմարտության համար հալածվող մի սրբի կյանքից:
«Քրիստոնեության հալածանքների ժամանակ Բերիլոս եպիսկոպոսը ձերբակալվում է իր հրաշալի քարոզների և ուսուցումների համար:
Բյուզանդիայի Լևոն կայսրը գաղտնի հրաման է տալիս, որ նրան բանտում գլխատեն, որպեսզի չշարունակի իր պայքարը հանուն քրիստոնեության ուղղափառ հավատի:
Բերիլոս եպիսկոպոսը կայսրի հին բարեկամն էր և իր նվիրապետական աստիճանների բարձրացումը ստացել էր նրա հրամանով:
Երբ դահիճները գալիս են մահապատիժը գործադրելու, եպիսկոպոսը ծնկի եկած գրում է հետևյալ երկտողն ու խնդրում, որ այն անպայման հանձնեն կայսրին:
Նամակի բովանդակությունն այս էր. «Վեհափառ Տեր, միշտ էլ ուզել ես պատվել քո հին բարեկամին: Սարկավագությունից ինձ բարձրացրիր աբեղայության, աբեղայությունից` եպիսկոպոսության և հիմա մեծագույն շնորհն ես անում` պատվելով ինձ սրբազնագույն տիտղոսով, մարտիրոսության սուրբ պսակով, շնորհակալ եմ»:
Կայսրը, կարդալուց հետո այս սրտառուչ տողերը, ցնցվում է ու անդրադառնում, թե մեծ սխալ է գործել, հրամայում է, որ մահապատիժը չգործադրվի, բայց, ավաղ, սուրբն արդեն գլխատված էր»:
Մարդիկ այսօր «Աստծուն երկնքում չեն փնտրում, այլ նյութի մեջ» և «Իրավունքը ուժեղինն է» սկզբունքին են հավատում: Այդ «ուժեղ»-ը անխուսափելիորեն նյութն է: Հավատում են, թե ամեն հարգանք ու պատիվ պիտի ընծայվի նյութին և ոչ թե խելքին, սրտին ու հոգուն:
Այսօրվա ամենաահավոր հիվանդությունը ցուցամոլությունն է: Սա մի հոգեբանական հիվանդություն է, որը նմանվում է դատարկ տակառի ձայն հանելուն:
Հիսուսից հետո ո՞ր մի առաքյալը, ճշմարտախոս և արդար հայրապետը, վարդապետը կամ ճշմարտության ո՞ր մի քարոզիչը չի հալածվել: Սակայն այսօր այդ նույն հալածվողները իբրև սրբեր զարդարում են եկեղեցիների սուրբ սեղանները։ Նրանք պատմության էջերը փայլեցնում են ու դառնում սերունդների ներշնչման աղբյուր: Սակայն ո՞ւր են հալածողները, ո՞ւր են արդարության երեսին ապտակողները և փշեպսակ դնողները: Նրանք Աստծու օրենքի համաձայն խառնվել են գերեզմանների փոշիներին:
Աղոթում ենք Աստծուն, որ աղքատներ, կարոտյալներ և մանավանդ անբուժելի հիվանդներ չլինեն: Աստծու համար անկարելի ոչինչ չկա: Մեր աղոթքով կարող ենք հասնել ամեն ինչի: Միշտ աղոթեք և լցվեք մեր Տիրոջ սիրով, և եթե այդ սիրո համար նույնիսկ հալածանքի ենթարկվեք, «Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է…, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամեն» (Մատթ. 5:12):

Տեր Հովսեփ Ա. քահանա
ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1883

Մեկնաբանություններ